ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ վարժանքին ներգրավված են ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները։ Մասնակիցները համատեղ ձեւավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, ցուցաբերում են անհետաձգելի բուժօգնություն, իրականացնում վիրաբուժական միջամտություններ, ինչպես նաեւ բուժօգնության հաջորդ փուլի համար տարհանման կազմակերպում։
«Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաեւ առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։