Կատարը չի աջակցում Գազայի հատվածից անօթեւան պաղեստինցիներին արաբական երկրներ տեղափոխելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին եւ պատրաստ է մոբիլիզացնելու ջանքերը՝ շրջանի բնակչությանը աջակցելու համար։ Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին։
«Ինչ վերաբերում է պաղեստինցիների հարկադիր տեղահանմանը եւ դեպորտացիային, մենք կտրականապես դեմ ենք դրան»,- ասել է Ալ-Տանին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այդ [ դիրքորոշումը] արտահայտվել է նախօրեին Կահիրեում կայացած հանդիպմանը [․․․]։ Մեզ համար ակնհայտ է, որ դա անհնար է։ Մենք շփվում ենք Թրամփի վարչակազմի հետ […]: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մոբիլիզացնելու ջանքերը Գազայի հատվածի ժողովրդին աջակցելու եւ պաղեստինցիների այնտեղ մնալը հեշտացնելու համար»,- հավելել է Կատարի կառավարության ղեկավարը՝ մեկնաբանելով հակամարտության հետեւանքով անօթեւան մնացած պաղեստինցիներին Գազայի հատվածից արաբական այլ երկրներ վերաբնակեցնելու թույլատրության մասին Թրամփի առաջարկը։
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 25-ին էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել, որ հնարավոր է համարում այլ արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, որոնք կորցրել են իրենց տները Իսրայելի հետ ռազմական գործողությունների հետեւանքով։ Նրա խոսքերով՝ խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնք պետք է վերաբնակեցվեն Գազայի հատվածից դուրս։ ԱՄՆ նախագահը հավելել էր, որ այդ հարցն արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ եւ պատրաստվում է այդ հարցը բարձրացնելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հեռախոսազրույցների ժամանակ։ Հաջորդ օրն արդեն Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին ընդգծել է, որ թագավորությունը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը։ Եգիպտոսի ԱԳՆ-ն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի իրավունքների խախտումը, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։ Հունվարի 31-ին Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եգիպտոսն ու Հորդանանը կընդունեն պաղեստինցիներին։