Այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եւ ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Հանդիպման հիմնական թեման Ռուսաստանի պոտենցիալ սպառնալիքի պայմաններում Եվրամիության պաշտպանունակության ամրապնդումն է։ Ղեկավարները քննարկել են նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն ու գործողությունները, ով չի բացառել ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։
Նախօրեին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Մեքսիկայի եւ Կանադայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչը լրատվամիջոցներն արդեն անվանել են «առեւտրային պատերազմ»։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Եվրամիության դեմ մաքսատուրքեր հաստատ կսահմանվեն, մինչդեռ Մեծ Բրիտանիան կարող է խուսափել այդպիսի «ճակատագրից»։
ԵՄ առաջնորդների մեծ մասը մամուլին տված մեկնաբանություններում քննադատել է մաքսատուրքերի եւ այլ միջոցների հնարավոր ներդրումը։ Միեւնույն ժամանակ նրանք խուսափում են Թրամփի հասցեին ուղիղ քննադատական խոսքեր հնչեցնելուց եւ հանդես են գալիս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ դաշնակցային հարաբերությունների պահպանման օգտին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ եթե ԵՄ ապրանքների համար առեւտրային մաքսատուրքեր սահմանվեն, ապա Եվրամիությունը կարող է նույն կերպ պատասխանել ԱՄՆ-ին։ Նա ընդգծել է, որ դեմ է առճակատմանը եւ կողմ է համագործակցությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին հայտարարությունները ցույց են տալիս Եվրոպայի ավելի միասնական եւ ուժեղ լինելու անհրաժեշտությունը։
Նիստից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական պաշտպանության եւ անվտանգության համար։ ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ, որոնք նաեւ ՆԱՏՕ-ի անդամներ են, հայտարարել են պաշտպանական ծախսերը մեծացնելու պատրաստակամության մասին, որն ի դեպ Թրամփի պահանջներից մեկն էր։ Այս պարագայում անհասկանալի է մնում, թե ինչպես են կազմակերպվելու պաշտպանական այսպիսի ֆինանսավորումները՝ հաշվի առնելով ԵՄ շատ երկրների ներսում առկա տնտեսական խնդիրները։