Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն X-ի իր էջերում հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կանադական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը առնվազն 30 օրով հետաձգելու շուրջ։ Նման գործարքի մասին հայտարարել է նաեւ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
Փետրվարի 2-ին Թրամփը հայտարարեց Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս, իսկ Չինաստանից ներմուծվողի համար՝ 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ նախագահը դա բացատրել էր, նրանով, որ փորձում է հարկադրել այդ երկրներին կատարել իրենց խոստումները․ այն է՝ կասեցնել անօրինական միգրացիայի եւ թմրանյութերի հոսքը։
Թրյուդոն գրառման մեջ ընդգծել է, որ «լավ խոսակցություն» է ունեցել Թրամփի հետ։ Արդյունքում Կանադան կիրականացնի 1,3 մլրդ դոլարի ծրագիրը, որը ներառում է նոր ուղղաթիռների, տեխնոլոգիաների ու անձնակազմի ներգրավմամբ սահմանների ամրապնդում, ԱՄՆ գործընկերների հետ համագործակցության ընդլայնում եւ ֆենտանիլ տեսակի թմրանյութի հոսքը դադարեցնելու համար միջոցների կրկնապատկում։ Թրյուդոն խոստացել է, որ սահմանը պաշտպանելու համար կաշխատի շուրջ10 հազար մարդ։
Բացի այդ՝ Կանադայի վարչապետը խոստացել է նարկոկարտելները ներառել ահաբեկչական խմբավորումների մեջ եւ կանադա-ամերիկյան ուժեր գործարկել կազմակերպված հանցավորության ու փողերի լվացման դեմ պայքարելու համար։
«Ես նաեւ ստորագրել եմ կազմակերպված հանցավորության եւ ֆենտանիլի վերաբերյալ հետախուզության նոր հրահանգ, եւ մենք դրան կաջակցենք 200 միլիոն դոլարով»,- հայտնել է Թրյուդոն։
Թրյուդոյի՝ X սոցիալական ցանցի գրառմանը Թրամփը պատասխանել է TruthSocial-ում հրապարակած գրառմամբ։
Նա հաստատել է, որ Կանադան համաձայնել է ապահովել հյուսիսային սահմանի պաշտպանությունը «եւ վերջապես վերջ տալ թմրանյութերի հետ կապված մահացու աղետին»:
«Ես շատ գոհ եմ այս նախնական արդյունքից, եւ շաբաթ օրը հայտարարված մաքսատուրքերը կդադարեցվեն 30 օրով՝ տեսնելու համար, թե արդյոք վերջնական տնտեսական համաձայնագիր կարող է կազմվել Կանադայի հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Փետրվարի 3-ին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նույնպես հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո իրեն հաջողվել է համաձայնության գալ մաքսատուրքերը 30 օրով հետաձգելու շուրջ։ Մեքսիկայի նախագահը նույնպես խոստացել է Ազգային գվարդիայի 10,000 զինծառայողի ուղարկել ԱՄՆ-ի հետ սահման՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարն ուժեղացնելու համար։ Կողմերը նաեւ պայմանավորվել են անվտանգության եւ երկկողմ առեւտրի հարցերում համատեղ աշխատանք սկսելու շուրջ: