Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար անընդունելի է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն։
Իրանական IRNA գործակալության հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է։
«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ընդհանրապես ընդունելի չէ»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը նաեւ նշել է, որ Իրանը ձգտում է Ադրբեջանի հետ ամրապնդելու հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, պաշտպանական եւ անվտանգության:
Իր հերթին Հաջիեւն էլ ասել է, որ Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպես բարեկամի եւ եղբայրական հարեւանի ու ձգտում է խորացնելու երկկողմ կապերը։
Հիշեցնենք՝ Իրանը բազմիցս է հայտարարել, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը՝ ընդգծելով, որ հարեւան երկրների տարածքային ամբղոջականությանն ուղղված սպառնալիքները կարմիր գիծ են իր համար։ Թեհրանը նաեւ Հայաստանի համար վնասաբեր է համարել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։