ԱՄՆ հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ իրանցի ինժեներներն ուսումնասիրում են միջուկային զենք ստեղծելու ավելի արագ (թեեւ ավելի կոպիտ) մոտեցումները: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նոր հետախուզական տվյալները հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորած վարչակազմի վերջին ամիսներին, որոնք այնուհետեւ փոխանցվել են ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմին:
Հետախուզական տվյալների համաձայն՝ իրանցի գիտնականները փնտրում են այնպիսի կարճ ուղի, որը նրանց թույլ կտա ոչ թե տարիների, այլ մի քանի ամիսների ընթացքում միջուկային վառելիքի աճող պաշարները վերածել աշխատունակ զենքի։ Բայց այս ամենը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե Թեհրանը որոշի «միջուկային մրցավազքի» մեջ մտնել:
Ինչպես նշում է The New York Times-ը, տարիներ շարունակ ԱՄՆ պաշտոնյաները հաշվարկել են, որ Իրանին 1-1.5 տարի կպահանջվի բարձր հարստացված (90 տոկոս եւ ավելի) ուրանը բարդ մարտագլխիկի վերածելու համար, որը կարող է տեղադրվել բալիստիկ հրթիռի վրա:
Պարբերականը նշում է նաեւ, որ մեծ հավանականությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւ երկրի արտգործնախարարությունը կարող են տեղյակ չլինել, թե ինչի վրա է աշխատում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաեւ տեղեկություններ չունենալ միջուկային զարգացումների մասին։
Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):