Վրաստանի նախագահ Միխայիլ Կղավելաշվիլին կարծում է, որ վրացիները «կկարողանան բուժել պատերազմի վերքերը» աբխազների եւ օսերի հետ միասին։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» պատգամավորների առջեւ ունեցած ելույթում։
Կղավելաշվիլիի խոսքերով՝ խաղաղության քաղաքականությանը, տնտեսական հաջողությանն ու բարգավաճմանը «այլընտրանք» չկա:
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա, որ խաղաղության քաղաքականությունը, տնտեսական ձեռքբերումները եւ բարգավաճման բարձր մակարդակը այն հիմնական գործոններն են, որոնք մեզ հատկապես մոտեցնում են մեր աբխազ եւ օս եղբայրների ու քույրերի հետ։ Սա ճանապարհ է, որն այլընտրանք չունի։ Հավատում եմ, որ շուտով մենք կկարողանանք միասին բուժել պատերազմի վերքերը եւ միասին շարունակել մեր երջանիկ կյանքը միասնական, ուժեղ եւ բարգավաճ Վրաստանում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստ եւ «Ժողովրդի ուժ» կուսակցության հիմնադիր Կղավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի վերջին՝ երկրում առաջին անուղղակի ընտրություններից հետո։ Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր անձամբ միլիարդատեր եւ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Խրհրդարանում դեկտեմբերի 14-ին նրա ընտրության համար կայացած քվեարկությանը ընդդիմությունը չէր մասնակցել։
Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնում Կղավելաշվիլիի լեգիտիմությունը չեն ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները։