«Ի՜նչ հավես է էստեղ»,- բացականչում են Երեւանի կենդանաբանական այգու փոքրիկ այցելուներն ու մի կենդանուց մյուսի մոտ վազում։ Այգին երեխաների ամենասիրելի վայրերից մեկն է։ Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում ընդամենը 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ են եղել։ «Ներկայում կենդանաբանական այգում բնակվում է շուրջ 160 տեսակի 819 գլուխ կենդանի: Նրանցից շուրջ 78 տեսակը (404 գլուխ) գրանցված է «Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում», 18-ը (144 գլուխ)՝ «ՀՀ կենդանիների կարմիր գրքում»:
Վերջին տարիներին կենդանիները ներմուծվել են Վարշավայից, Ամստերդամի Արտիս կենդանաբանական այգուց, Թբիլիսիի կենդանաբանական այգուց ու Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգուց»,- ասում է Երեւանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը։
Այցելուների հետաքրքրությունը մեծացնելու համար ցուցադրական կերակրումներ են արվում, որոնք թույլ են տալիս ճանաչել կենդանու վարքային ու կենսաբանական առանձնահատկությունները եւ ծանոթանալ նրանց սննդակարգին։ Կենդանաբանական այգի մեր այցելության ժամանակ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն էին հյուրընկալվել այնտեղ ու այգում աճող թթով կերակրում էին կենդանիներին։ Այգում նաեւ վաճառվում են կերեր, որոնցով կարելի է կենդանիներին կերակրել, սակայն որոշ կենդանիների կերակրելը խստիվ արգելվում է։
Այգում ամենամեծ հետաքրքրություն առաջացնող կենդանիներից են կապիկները։ Նրանցից ամենատարեցը Գուգոն է, մյուսները բոլորը նրա տոհմից են։ Գուգոն ծնվել է 1991 թվականին Վրաստանում ու 1996-ին տեղափոխվել է Հայաստան։ Նրան անվանակոչել են ի պատիվ Վրաստանում իր խնամողի։
«Գուգոն առանձնահատուկ բնավորություն ունի։ Չնայած իր տարիքին՝ շատ համարձակ է։ Եթե, օրինակ, մյուս կենդանիներին ձայնի տոնը փոխելով կամ բարկանալով կարելի է մոտ կանչել, ապա Գուգոն, ընդհակառակը, եթե չուզի ասածդ անել, դեռ մի բան էլ ավելի կհակառակվի քեզ»,- ասում է Գուգոյի ու մյուս կապիկների խնամող տիկին Լիանան։
Կապիկների համար այգում բոլոր պայմանները կան, բայց եթե ճաղավանդակներում չլինեին, ավելի լավ կլիներ, ավելի ազատ կլինեին։ Առհասարակ, կենդանիների համար, նրանց առանձնահատկություններով պայմանավորված, բոլոր պայմանները փորձում են ապահովել։
Այցելուների մյուս սիրելի կենդանին փիղն է։ Այգում փղի թանգարան կա՝ «Բունկայի մոտ»։ «Քանի որ ձմռան ցուրտ ու ամռան շոգ օրերին փիղը դուրս չի գալիս, մարդիկ այստեղից կարողանում են փղին տեսնել»,- ասում է Լիանա Բրյանը։ Թանգարանում փակցված են բոլոր փղերի նկարները, որոնք ապրել են Երեւանի կենդանաբանական այգում։
Կենդանաբանական այգու ամենատարեց բնակիչը շոտլանդական պոնին է՝ Բառնուշը։ Նա 1982 թվականին հենց այս այգում էլ ծնվել է. բոլոր պոնիները նրա ձագերն են։ Այգու աշխատակիցները ծիծաղելով ասում են՝ պոնին իրենցից շատ առաջ է այգում եղել, դրա համար էլ նրա անվան ծագումը չգիտեն։ Բառնուշն էլ Գուգոյի նման ուժեղ բնավորություն ունի, բայց քանի որ արդեն ծեր է, մյուս պոնիներից առանձնացրել են, որ նրան չվնասեն։
Լիանա Բրյանն ասում է՝ կենդանաբանական այգում մշտապես կատարվում են բարեկարգման աշխատանքներ՝ կենդանիների պահման պայմանների բարելավում, կենդանիների խնամք, կանաչապատում, շինարարական աշխատանքներ, տարածքի մաքրում եւ այլն։ Վերջերս «10 միլիոն ծառ» համապետական ծառատունկի շրջանակում այգին համալրվել է պտղատու ու դեկորատիվ ծառերով եւ թփերով:
Ներկայում կենդանաբանական այգու հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ եւ անհետացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաեւ բնապահպանական գիտելիքների տարածումը, այս ամենի իրականացման համար բազմաթիվ ծրագրեր են արվում:
Երեւանի կենդանաբանական այգին միայն ժամանցի վայր չէ, ունի նաեւ կրթական նախագծեր: «Այգին համագործակցում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Գերմանիայի բնության պահպանության միության» (NABU) հայաստանյան մասնաճյուղի, «Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ: Վերջինս տեսական եւ գործնական դասեր է անցկացնում այգում, կատարում կամավորական աշխատանքներ, մասնակցում կենդանիների բժշկական հերթական ստուգումներին»,- ասում է կենդանաբանական այգու մամուլի խոսնակը: