Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։
«Պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի եւ ձեւերի բազմաթիվ միջանցիկ եւ ոչ միջանցիկ վնասվածքներ պոչային մասի արտաքին թաղանթի, կայունացուցիչի եւ բարձրացնող ու ուղղորդող ղեկի հատվածում»,- ասվում է զեկույցի տեքստում:
Զեկույցում հստակ չի նշվում, թե ինչից է վնասվել ինքնաթիռը, կամ ով է պատասխանատու ինքնաթիռի կործանման համար։ Միեւնույն ժամանակ փաստաթղթի հեղինակները ընդգծում են, որ համապատասխան ուսումնասիրություններ եւ փորձաքննություններ են անցկացվելու՝ պարզելու «օտար օբյեկտների» պատճառած վնասի բնույթն ու ծագումը։ Դրանում նաեւ նշվում է, որ փորձագետներն աշխատում են ինքնաթիռի սեւ արկղերը վերծանելու ուղղությամբ։
Ըստ 53-էջանոց փաստաթղթի՝ ինքնաթիռին երկու հարված է հասցվել, որոնք միմյանց հետեւել են վայրկյանային տարբերությամբ՝ առավոտյան 5:13-ի սահմաններում, ինչի հետեւանքով անջատվել է օդանավի ինքնակառավարման համակարգը։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է Գրոզնիի երկնքում եւ պատրաստվում էր վայրէջք կատարելու, սակայն ավիադիսպետչերներից թույլտվություն չի ստացել։
Ավիադիսպետչերների հետ խոսակցությունների ժամանակ օդաչուները հայտարարել են, որ ինքնաթիռի հետ թռչուններ են բախվել, իսկ սրահում պայթել է թթվածնի բաքը։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։
Երեք օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։
Դեկտեմբերի 30-ին Ալիեւն էլ հայտարարեց, թե Ռուսաստանը «պետք է ընդունի իր մեղքը» ինքնաթիռի կործանման համար, իսկ մեղավորները պետք է պատժվեն եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն։