Վլադիմիր Զելենսկին, ըստ էության, Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահն է, չնայած դրան՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցելու նրա հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր երկրի վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը, հուշում է, որ պարոն Զելենսկին դե յուրե լուրջ խնդիրներ ունի իր լեգիտիմության առումով, սակայն, չնայած դրան, ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցելու Պուտինի հետ, եթե դա կհանգեցնի խաղաղության։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկուն չի համարում Ուկրաինայի օրինական նախագահ, եւ հետեւաբար նա չի կարող խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Զելենսկին էլ, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշել էր, որ Պուտինը «վախենում է բանակցություններից»։
Ռուսական իշխանություններն ու քարոզչական ապարատը Զելենսկու «անօրինականության» մասին սկսկեցին խոսել, երբ 2024 թվականի մայիսին ավարտվեց նրա նախագահական հնգամյա ժամկետը։ Ուկրաինայում գործող ռազմական դրության ժամանակ երկրում չեն կարող անցկացվել ընտրություններ, այդ թվում՝ նախագահական։ Անձամբ Զելենսկին Մորգանին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայում օրենքները պետք է փոխվեն, որպեսզի հնարավորություն տան պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու։