Վրաստանի միակուսակցական չլեգիտիմացված խորհրդարանը կողմ է քվեարկել 49 ընդդիմադիր պատգամավորների մանդատի վաղաժամկետ դադարեցմանը:
Դահլիճում ներկա գտնվող «Վրացական երազանք»-ի եւ նրանց արբանյակ հանդիսացող «Ժողովրդի ուժ» հակաարեւմտյան կուսակցության ներկայացուցիչների որոշումն ընդունվել է ծափահարություններով։
49 պատգամավորից 19-ը «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի, 16-ը՝ «Միասնություն — Ազգային շարժում», 14-ը՝ «Ուժեղ Վրաստան»-ի ներկայացուցիչներ են։ Նրանք իրենք են խնդրել իրենց լիազորությունները դադարեցնել։
Հիշյալ ընդդիմադիր խմբերը կեղծված են համարում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք»-ը պահպանել է մեծամասնությունը՝ ստանալով 89 մանդատ:
Ընդդիմությունը 11-րդ խորհրդարանը հայտարարել է ոչ լեգիտիմ, հրաժարվել է օրենսդիր մարմնում աշխատելուց, պահանջում է նոր ընտրություններ։
Ընդդիմադիր երեք միավորումների ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին հայտարարություններ են գրել պատգամավորի մանդատի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ։
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Վրաստանի համար»-ը, որը, ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, ստացել է 12 մանդատ 150-հոգանոց խորհրդարանում, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին ընտրված խորհրդարանը եւս համարում է ոչ լեգիտիմ եւ պահանջում է նոր ընտրություններ։ Կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, թեեւ մանդատը վաղաժամկետ դադարեցնելու դիմումներ չեն ներկայացրել։
2024 թվականի նոյեմբերից Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով։
Նորայր Միսկարյան