ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրամանագիր, որի նպատակն է կանացի մարզաձեւերից բացառել տրանսգենդեր մարդկանց։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Կանանց սպորտն այսուհետեւ լինելու է միայն կանանց համար։ Կանանց սպորտի համար պայքարն ավարտված է»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը իր կողմնակիցների առջեւ ելույթում:
ԱՄՆ նախագահի հրամանով տրանսգենդերներին արգելվում է խաղալ աղջիկների եւ կանանց սպորտային թիմերում։ Ուսումնական հաստատությունները, որոնցում դա կթույլատրվի, կզրկվեն դաշնային ֆինանսավորումից:
Հրամանագիրը վերաբերում է հիմնականում դպրոցական, բուհական եւ սիրողական մրցույթներին։ Միեւնույն ժամանակ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ օլիմպիական կոմիտեն եւ Ազգային քոլեջի մարզական ասոցիացիան այլեւս թույլ չեն տա տրանսգենդերներին մրցել կանանց հետ, գրում է CNN-ը։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրի տրանսգենդեր մարզիկներին։