Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակին հանձնարարել է ծրագիր պատրաստել, որը Գազայի բնակիչներին թույլ կտա կամավոր լքել շրջանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախօրեին հնչեցրած առաջարկներին համապատասխան:
«Գազայի բնակիչները ազատ դուրս գալու հնարավորություն պետք է ուենենան։ Ծրագիրը պետք է ներառի ե՛ւ ցամաքային անցակետերով անցնելու հնարավորություն, ե՛ւ ծովով ու ցամաքով ելքի հատուկ պայմաններ»,- հայտարարել է Կացը, որի խոսքերը տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարի խոսքերով՝ «այն երկրները, որոնք Իսրայելին մեղադրում էին Գազայում իր իրականացրած գործողության համար, պարտավոր են թույլ տալ, որ Գազայի յուրաքանչյուր բնակիչ մուտք գործի իրենց տարածք»։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել արաբական երկրներ, ըստ նրա՝ խոսքը մոտ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։ Հունվարի 31-ին Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եգիպտոսն ու Հորդանանը կընդունեն պաղեստինցիներին։