Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան (Ալ-Ջուլանին) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից առաջիկա շաբաթներին Փարիզ այցելելու հրավեր է ստացել։ Այդ մասին հայտնում է Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի բովանդակությունը։
«Ահմեդ Ալ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելելու Ֆրանսիա»,- ասվում է հրապարակման տեքստում։ SANA-ի փոխանցմամբ՝ Մակրոնը շնորհավորել է Ալ-Շարաային նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ «լիակատար աջակցություն է հայտնել Սիրիայի անցումային փուլին»։
«Նախագահ Մակրոնն ընդգծել է իր երկրի պարտավորությունները՝ չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ ճանապարհ հարթել աճի եւ վերականգնման համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Դրանում նաեւ նշվում է, որ նախագահները քննարկել են «Սիրիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները եւ երկրի կայունությունը պահպանելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»։
Հիշեցնենք՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
2025 թվականի հունվարի 30-ին Ահմեդ ալ-Շարաան հռչակվեց երկրի նախագահի պաշտոնակատար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։