«Ռոսսոտրուդնիչեստվոն» Ադրբեջանի իշխանություններից պաշտոնական ծանուցում է ստացել Բաքվում գտնվող «Ռուսական տան» (Русский дом) գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նկատմամբ (USAID), նշում է Report-ը եւ հավելում, որ սա դեռ որոշվել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությունից եւ նշյալ կառույցը լուծարելու մասին հայտարարություններից շատ առաջ։
«Ադրբեջանն ինքն է դարձել դոնոր եւ արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա եւ կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ ունի»,-ասել է գործակալության աղբյուրը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է այս տեղեկությունները եւ նշել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բաքվում դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով:
Պրիմակովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը «աշխատում է իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ «Ռուսական տունը» ստիպված է եղել մեկուկես ամսվա ընթացքում ազատել իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին։
Նշենք, որ «Ռուսական տուն», որոնք ղեկավարում է «Ռոսսոտրուդնիչեստվոն», կա աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրների մեծ մասում: Այս կազմակերպությունները ներկայացնում են ԱՊՀ գործերով դաշնային գործակալության շահերը եւ արտերկրում ապրող ռուսների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելու եւ գործողություններ ծավալալեու հնրավորություն ստեղծում։ Այն նաեւ պատասխանատու է ռուսական մշակույթի, գիտության եւ կրթության խթանման համար։
Հունվարի վերջին BakuTV-ն պնդում էր, որ ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են Բաքվում ռուսական տան քողի տակ։ Սրանից կարճ ժամանակ անց Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը կանչվել էր ՌԴ արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա էր ներկայացվել «անհիմն զրպարտության համար»։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել է իր գործարար համբավը պաշտպանելու համար դատական հայց նախապատրաստելու մասին՝ նշելով, որ նման դատեր շահել են Գերմանիայում։