Բաքվի դատարանում վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Վարդանյանին այժմ բացատրվում են իր իրավունքները։ Հատուկ շեշտադրվում է պաշտպան ունենալու հանգամանքը։
Հիշեցնենք՝ Վարդանայանի դեմ գործով դատական նիստը մեկնարկել էր հունվարի 17-ին։ Դրան նախորդող օրը Արցախի նախկին պետնախարարը ուղերձ էր հղել՝ ընդգծելով, որ ժհնարավորություն չի ունեցել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը, իսկ 422 հատորանոց քրեական գործը, որն ադրբեջաներենով է եւ թարգմանված չէ, թույլ են տվել միայն թերթել։
«Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել՝ բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»,- ասվում էր Վարդանյանի ուղերձում:
Ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Բացի Ռուբեն Վարդանյանից՝ նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բաքո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը նույնպես սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Նշենք նաեւ, որ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին։