ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագի համաձայն` պատժամիջոցներ են սահմավում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ, ICC) պաշտոնյաների նկատմամբ՝ ԱՄՆ քաղաքացիների եւ ԱՄՆ դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի նկատմամբ սկսած հետաքննությունների համար։
Հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում, ասվում է, որ ՄՔԴ-ն «չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության անհիմն օրդեր տալով»:
Թրամփի հրամանագրում հիշատակվում է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի անդամ չեն եւ չեն ստորագրել Հռոմի կանոնադրությունը։
«Ոչ մի երկիր երբեւէ չի ընդունել ՄՔԴ-ի իրավասությունը, եւ երկու երկրներն էլ զարգացած ժողովրդավարություններ են, որտեղ կան զինվորականներ, որոնք խստորեն հետեւում են պատերազմի օրենքներին»,- նշվում է հայտարարության տեքստում։
Հրամանում ասվում է, որ ԱՄՆ-ում ՄՔԴ-ի պաշտոնյաների ունեցվածքը սառեցվելու է, իսկ ՄՔԴ-ի աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ։ Բացի այդ` հրամանով արգելվում է ցանկացած նվիրատվություն դատարանին։ Միեւնույն ժամանակ Վաշինգտոնը դեռ չի հայտնում պատժամիջոցների ցանկում ներառված անձանց անունները։
Միջազգային քրեական դատարանը դեռ մեկնաբանություններ չի տվել։
Հիշեցնենք՝ ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել 2024 թվականի նոյեմբերին։ Նրանք մեղադրվում էին Գազայում գործած հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Նրանց ձերբակալման օրդեր ստանալու համար դիմել էր Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը։
Պաշտոնավարման նախորդ շրջանում Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել 2012-2021 թվականներին ՄՔԴ դատախազի պաշտոնը զբաղեցրած Ֆաթու Բենսուդայի նկատմամբ։ Այդ ժամանակ էլ պատժամիջոցների պատճառը Աֆղանստանում ամերիկյան զորքերի իրականացրած ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննություններն էին:
2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։ Նրանք կասկածվում էին Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեջ։