Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրկնապատկելու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ ուկրաինական պատերազմին վերջ տալու համար, գրում է The New York Post-ը։
Ըստ Քելլոգի՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ արդեն իսկ կիրառվող սահմանափակումները 10-բալանոց սանդղակից կարելի է գնահատել 3։ Նրա կարծիքով պատժամիջոցները կարող են խստացվել ռուսական նավթի արդյունահանման եւ արտահանման ուղղությամբ։
Պատերազմն ավելի արագ ավարտելու համար, Քելլոգի խոսքերով, Ռուսաստանը պետք է ենթարկվի ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական եւ դիվանագիտական ճնշման։
Բանագնացը գտնում է, որ ներկա փուլում ռուսական իշխանությունները այնքան էլ չեն ցանկանում դադարեցնել պատերազմը։ Նրա խոսքերով՝ հսկայական կորուստները Մոսկվային չեն վախեցնում, քանի որ «հյուծող պատերազմ վարելը ռուսական ռազմական գործողությունների ԴՆԹ-ի մեջ է»։
«Նրանք սովոր են դրան։ Նկատի ունեմ, որ սա մի երկիր է, որը պատրաստ էր Ստալինգրադի ճակատամարտի վեց ամիսների ընթացքում կորցնել եւ կորցրեց 700 հազար մարդ»,- հայտարարել է Քելլոգը։
Նա վստահություն է հայտնել, որ Թրամփը ուղի կգտնի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին վերջ տալու համար։
«Եթե կա մեկը ով հասկանում է ճնշման լծակներից, ապա դա նախագահ Դոնալդ Թրամփն է»,- ընդգծել է բանագնացը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, կարծում է Քելլոգը, միայն խոստացել էր օգնել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է», բայց ռուսական կողմի նկատմամբ չի մեծացրել ճնշումը եւ Կիեւին չի մատակարարել անհրաժեշտ զենքը ճիշտ ժամանակին:
Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն անվանել է իր նախագահական ծրագրի առանցքային կետերից մեկը։ Աղբյուրներն ակնկալում էին, որ Քելլոգը կներկայացնի պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագահի ծրագիրը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կանցկացվի Գերմանիայում փետրվարի 14-16-ը։ Սակայն հատուկ բանագնացը ժամեր անց հերքեց այս տեղեկությունները եւ հայտարարեց, որ ծրագիրը կներկայացնի անձամբ Թրամփը, եւ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին: