Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին արաբական երկրներ մշտապես վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։
«Ես լիովին մերժում եմ նախագահ Թրամփի առաջ քաշածը։ Մենք չպետք է Գազայի բնակչությանը տեղափոխենք Եգիպտոս եւ Հորդանան»,- հայտարարել է կանցլերը Լյուդվիգսբուրգում նախընտրական միջոցառմանը իր ելույթում։
Կանցլերը հավելել է, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել Մերձավոր Արեւելքում հետագա էսկալացիան կանխելու եւ Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղ գոյակցությունն ապահովելու համար։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել արաբական երկրներ, ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։ Հունվարի 31-ին Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եգիպտոսն ու Հորդանանը կընդունեն պաղեստինցիներին։