Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանը առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի արգործնախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով նորվեգացի գործընկերոջը ընդունելության համար՝ Միրզոյանը նշել է․ «Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ՝ Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել»։
ՀՀ արտգործնախարարը նաեւ նշել է, որ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
«Հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ եւս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու եւ Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար»,- ասել է Միրզոյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ Երեւանը մեծ կարեւորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ համագործակցությանը:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն էլ նշել է, որ իր երկիրը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի, հայ ժողովրդի եւ ներկա Կառավարության հետ։
«Եվ մենք կարծում ենք, որ այս Կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել՝ շատ դժվար հանգամանքներում, բայց, իրոք, համարձակությամբ նայելով առաջ եւ դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինելու այդ ճանապարհին»,- նշել է դիվանագետը։
Նա նաեւ ընդգծել է, որ Նորվեգիան կմնա Հայաստանի եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։
«Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձեւաչափով, բայց նաեւ Նորդիկ-Բալթյան խմբի շրջանակում աջակցել՝ կիսելով մեր փորձը եւ տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարեւոր է Հայաստանի համար, բայց կարեւոր է նաեւ ամբողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ»,- նշել է Էսպեն Բարթ Էյդեն: