Եվրամիությունը Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն եւ հակառուսական պատժամիջոցներին հավատարմություն՝ դրա դիմաց Երեւանին հստակ որեւէ բան չխոստանալով։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ի նպաստ մերձեցման բանակցություններ սկսելու հարցին եւ մասնավորապես առանց վիզայի ռեժիմին, ապա այո, այդպիսի բանակցություններ են սկսվել։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ նույնպես հավատարիմ է ինքն իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով առանց հստակ խոստում տալու կամ որեւէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն եւ հակառուսական պատժամիջոցներին հավատարմություն»,- հայտարարել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ Մոսկվան Երեւանին հասկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրամիությանը միաժամանակյա անդամակցություն անհնար է։
«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, եւ դրանցում միաժամանակ լինել պարզապես անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` պնդելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին շոշափելի տնտեսական օգուտներ է բերել։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին միանալու մասին «Եվրաքվեի» առաջարկած օրենքի նախագծին։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
Հունվարի 24-ին արդեն ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին, եւ այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: