Բաքուն ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւին «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել։ Նման քայլի համար որպես պատճառ Ադրբեջանի արտգործնախարարությունը ներկայացրել է պատգամավորի կողմից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թույլ տված «վիրավորական» հայտարարությունները։
«Նիկոլայ Վալուեւի վիրավորական եւ սպառնալից հայտարարությունները Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի հասցեին բացարձակապես անընդունելի են։ Այդ պատճառով նրա անունը ներառվել է Ադրբեջանի Հանրապետություն մուտքն արգելված անձանց ցուցակում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, որ նա միակ ռուս պատգամավորը չէ, որի անունը հայտնվել է այդ ցուցակում։
Ավելի վաղ Ադրբեջան մուտքի արգելք սահմանվել էր նաեւ պատգամավորներ Կոնստանտին Զատուլինի եւ Վիտալի Միլոնովի համար։ Հաջիզադեն իր խոսքում անգամ ափսոսանք է հայտնել, որ նշյալ երեք պատգամավորներն էլ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի անդամ են։
Նշենք, որ Վալուեւը ավելի վաղ տելեգրամյան ալիքում մեկնաբանել էր Բաքվում «Ռուաստանի տան» (պատկանում է «Ռոսսատրուդնիչեստվոյին») փակելու մասին Ադրբեջանի իշխանություններից ներկայացված ծանուցման մասին տեղեկությունները՝ կոչ անելով ստուգումներ սկսել Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների շրջանում՝ ոչ օրինական ֆինանասական շրջանառությունը բացահայտելու նպատակով։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը փետրվարի 3-ին նոտա է հղել ռուսական կողմին՝ «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու պահանջով, որի համար որպես հիմնավորում ներկայացվել էր որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու հանգամանքը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Բաքվից ստացված գրությունը եւ նշել, որ պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատվի վարձակալած տարածքը։