Ադրբեջանի արտգործնախարարությունը «իրականության խեղաթյուրում եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին «Արմենպրեսի» համար գրած հոդվածում ներկայացրած ձեւակերպումները։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի կողմից հարձակողական սպառազինությունների ձեռքբերումը Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջների եւ, այսպես կոչված, «ռեւանշիզմի» դրսեւորումների առկայության պայմաններում սպառնալիքներ է ստեղծում Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ հոդվածում վարչապետը ընդգծել էր, որ ադրբեջանական քարոզչությունը փորձում է առաջ քաշել այնպիսի մի թեզ, թե Հայաստանը սպառազինվելով պատրաստվում է հարձակվելու Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ կլինի, որ Բաքուն դիմի հարձակման եւ կանխարգելիչ միջոցառում ձեռնարկի։
Փաշինյանն ընդգծել էր, որ քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. «Կա՛մ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կա՛մ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է»:
Հոդվածի մեկ այլ հատվածում վարչապետը ընդգծում է, որ Ադրբեջանի բարձրագույն օղակներից շարունակում են հնչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այնպիսի հայտարարություններ:
«Այդ հայտարարություններն առավել ամբողջական ձեւակերպված են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայում Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայում Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»,- գրել էր Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել էր, որ եթե այս ամենը «համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ», ապա հասկանալի կդառնա, որ Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: