Հայաստանի Ազգային ժողովում այսօր սկսվել են Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ օրինագծի քննարկումները։
Օրինագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախագիծը ԱԺ ամբիոնից, հայտարարեց, որ ԵՄ-ում սպասում են Հայաստանին, ինչի մասին վկայում են ոչ միայն հայտարարությունները, այլեւ ընդունված իրավական ակտերը։
Որպես օրինակ ներկայացնելով Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Զեյնալյանը հայտարարեց․ «Այն Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս է, Եվրոպական միությունում մեզ սպասելու վերաբերյալ իրավական ակտերից մեկը։ Եվրոպական միությունում մեզ սպասում են։ Եթե ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, կարծում եմ, դուք սխալվում եք։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրոպական միության համար»։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունն էր հավանություն տվել ԵՄ-ին միանալու մասին «Եվրաքվեի» առաջարկած օրենքի նախագծին։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
Հունվարի 24-ին արդեն ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին, եւ այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: