Եվրոպացի առաջնորդներն անարդար են վարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ նա նախորդ չորս տարիների ընթացքում նախագահ չէր։ Նման կարծիք հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Եվրոպացի առաջնորդների շրջանում (նախագահ Թրամփի պատճառով) մեծ անորոշություն կա եւ, ես կասեի, մեծ անհանգստություն: Սրա պատճառը շատ պարզ է։ Մենք բոլորս գիտենք, թե նրանցից ոմանք ինչպես են վարվել պարոն Թրամփի հետ վերջին չորս տարիների ընթացքում, երբ նա նախագահ չէր: Բոլորս էլ գիտենք, թե ընթացիկ նախագահական ընտրություններում նրանցից շատերն ում էին սատարում։ Եթե մենք դա հաստատ գիտենք, ապա նախագահ Թրամփն ավելի լավ գիտի դա։ Առաջին «որակազրկումն» արդեն տեսել ենք՝ դրան ենթարկվել է Կանադայի վարչապետը։ Նախագահ Թրամփի մեկ խոսքը բավական էր նրա հրաժարականի համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր դեռ հունվարի 6-ին։ Սակայն նա շարունակելու է մնալ երկրի վարչապետի պաշտոնին, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել իր իրավահաջորդին։ Մինչ հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելը Թրամփը Թրյուդոյին անվանել էր «Կանադայի նահանգապետ» եւ հայտարարել, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Արեւմտյան որոշ առաջնորդներ շատ անարդար են եղել նախագահ Թրամփի նկատմամբ, եւ նրանք, անշուշտ, անհանգստացած են, որ այժմ ժամանակն է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն դրա համար»,- հայտարարել Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը նաեւ հիշել է Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում Վաշինգտոնի հետ ունեցած դրական կապերի մասին։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք անորոշություն չունենք։ Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ նախագահ Թրամփը ղեկավարում էր Միացյալ Նահանգները, եւ մեր հարաբերությունները շատ հաջող էին զարգանում՝ ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք ամբողջովին վատթարացան Ադրբեջանի հանդեպ [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի անարդար եւ անազնիվ մոտեցման պատճառով։ Նախագահ Թրամփի հետ աշխատելու մեր նախկին փորձը շատ դրական է եղել։ Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք համարում ենք ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում կորցրած տարիներ, կդառնան պատմություն, եւ մենք կվերսկսենք մեր աշխատանքը»,- ասել է Ալիեւը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը հունվարի 28-ին Ջո Բայդենի վարչակազմից դժգոհություններ էր հայտնել` կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի իրականացման հարցում, իր որակավորմամբ «խոչընդոտներ» ստեղծելու համար, որոնք իբր թե կապված են եղել ԱՄՆ նախկին վարչակազմի հայամետ դիրքորոշումների հետ։
«Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ցանկանում էինք դա իրականացնել։ Հիմա ես կարող եմ ասել դրա մասին։ Դրան հատկապես դեմ էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ պատճառը դարձյալ նրանց հայանպաստ քաղաքականությունն էր, քանի որ կարծում էին, որ այս նախագիծը մի կողմ է թողնում Հայաստանը։ Հետեւաբար ամերիկյան կառավարությունը շատ լուրջ ճնշում գործադրեց Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա՝ թույլ չտալու, որ նա համաձայնի դրան։ Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ եւ վերջապես կարողացել ենք համաձայնության գալ»,- հայտարարել է Ալիեւը։