Բաքուն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի թե Իրանի տարածքով անցկացնելու հարցը։ Այդ մասին CNN TURK-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում են «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Անկարան առաջնահերթություն է տալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության անհապաղ դադարեցմանը, խաղաղության բանակցություններին եւ խաղաղության հաստատմանը։
«Մեզ համար այս արժեքավոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, սրա հետ մեկտեղ մենք պետք է նաեւ հաշվի առնենք երկրների ազգային անվտանգությունը։ Այդ հարցերը քննարկում են Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Ուրալօղլուն։
Նրա խոսքերով՝ կա նաեւ Իրանի տարածքով անցնող ուղիների այլընտրանք, որոնք ուսումնասիրվում են։
«Կա նաեւ Իրանի այլընտրանքային տարբերակը, եւ այն դիտարկվում է։ Ամեն դեպքում այդ միջանցքը կանցնի։ Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են դրա Իրանի թե Հայաստանի տարածքով անցնելու հարցը։ Մենք նույնպես հետեւում ենք գործընթացին»,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը։