Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ կաթոլիկ եկեղեցին կարող է արգելել նախագահ Ջո Բայդենին մասնակցել եկեղեցական կարեւոր արարողություններից մեկին՝ հաղորդության ծեսին։
ԱՄՆ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների՝ նախօրեին Վաշինգտոնում կայացած ամենամյա ընդհանուր հավաքը ավելի քան երկու ժամ տեւած բուռն քննարկումներից հետո քվեների 168 կողմ, 55 դեմ հարաբերակցությամբ որոշել է մշակել մի փաստաթուղթ, որի ընդունման դեպքում հղիության արհեստական ընդհատմանը կողմ ամերիկացի քաղաքական գործիչները կզրկվեն հաղորդության ծեսին մասնակցելու իրավունքից։
Ջո Բայդենը կտրականապես դեմ է արտահայտվում հղիության արհեստական ընդհատման արգելքի գաղափարին։ Այնուհանդերձ, Բայդենը հավատացյալ է, նա ԱՄՆ երկրորդ կաթոլիկ նախագահն է Ջոն Քենեդիից հետո, նա նաեւ լավ հարաբերություններ ունի Վատիկանի հետ։
New York Times-ը նշել է, որ Վատիկանը փորձել է ամերիկացի հոգեւորականներին համոզել հրաժարվել հաղորդության ծեսի վերաբերյալ վիճահարույց փաստաթղթի ընդունումից։