Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում չի քննարկի օկուպացված տարածքների փոխանակման հարցը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը, որով ենթադրվում է ուկրաինական բանակի կողմից Ռուսաստանի Կուրսկի մարզի օկուպացված հատվածները փոխանակել Ռուսաստանին բռնակցված ուկրաինական տարածքների հետ։
«Սա անհնար է։ Ռուսաստանը երբեք չի քննարկել եւ չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը։ Իհարկե, ուկրաինական ստորաբաժանումները դուրս կմղվեն այդ տարածքից։ Բոլոր նրանք, ովքեր չեն ոչնչացվել, դուրս կմղվեն»,- հայտարարել է Պեսկովը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահը The Guardian-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների դեպքում Կիեւը «մի տարածքը կփոխանակի մյուսի հետ»։ Հարցին, թե Ուկրաինայի օկուպացված տարածքի որ մասը կխնդրի Կուրսկի շրջանի դիմաց, Զելենսկին պատասխանել է. «Չգիտեմ, կտեսնենք։ Բայց մեր բոլոր տարածքները կարեւոր են, առաջնահերթություն չկա»։