Արաբական երկրները պատրաստ են այլընտրանք առաջադրելու Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, որով նախատեսվում է շրջանի վերականգնում՝ առանց տեղի բնակչության վերաբնակեցման։ Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին։
«Մենք աշխատում ենք արաբական ծրագրի վրա, որը հիմնված է Գազայի վերականգնման վրա՝ առանց բնակչության տեղահանման»,- ասել է Սաֆադին։ Նախարարի խոսքով՝ արաբական երկրները «ի վիճակի են այլընտրանք ներկայացնելու Թրամփի ծրագրին եւ վերջ դնելու Գազայի հատվածում հումանիտար աղետին»։
Ալ-Սաֆադին հայտնել է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հորդանանյան կողմը ամերիկացի առաջնորդին ուրվագծել է «իր դիրքորոշումը, որն ուղղված է արդար եւ համապարփակ խաղաղության հասնելուն եւ ոչ թե պաղեստինցիների վտարմանը»։
Փետրվարի 11-ին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահի հետ եւ վերահաստատեց թագավորության անսասան դիրքորոշումը Գազայից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից պաղեստինցիների տեղահանման դեմ:
Եգիպտոսի արտգործնախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Կահիրեն պատրաստում է Գազայի հատվածի վերականգնման սեփական ծրագիրը, որը պաղեստինցիներին կերաշխավորի իրենց հողում մնալու հնարավորությունը:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը եւ նման քայլերի դեպքում դա կհամարի պատերազմի հայտարարում: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։
ԱՄՆ նախագահի առաջարկները քննադատության արժանացան նաեւ արաբական մյուս երկրների, Իրանի եւ Թուրքիայի կողմից։