Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու դեպքում եվրոպական երկրները չեն կարողանա 200 հազար զինվորի ուղարկել Ուկրաինա՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ The New York Times-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում։
Պարբերականի զրուցակցի խոսքերով՝ անգամ շատ ավելի փոքր թվով, օրինակ՝ 40 000-ի հասնող զորակազմ ուղարկելը դժվար խնդիր կլինի Եվրոպայի համար: Նա նաեւ նշել է, որ զորքերի նման քանակությունը բավարար չի լինի Ռուսաստանին զսպելու համար։
Լոնդոնի Քինգս քոլեջի պատերազմական ուսումնասիրությունների պրոֆեսոր Լոուրենս Ֆրիդմանը գնահատում է, որ արդյունավետ գործելու համար անհրաժեշտ է ավելի քան 100,000 խաղաղապահ՝ հաշվի առնելով կանոնավոր ռոտացիաները (տեղափոխումները) եւ արտակարգ իրավիճակները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով 2025 թվականի հունվարին Դավոսի տնտեսական ֆորումում, հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շրջանակում անհրաժեշտ կլինի առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահների զորակազմ ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիք։
Ավելի ուշ The Guardian-ին տված հարցազրույցում Զելենսկին, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը, որը ենթադրում էր խաղաղության համաձայնագրից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի ստեղծում եւ Ուկրաինայի տարածքում տեղակայում, նշել էր, որ դա կարող է կյանքի կոչվել միայն 100-150 եվրոպական ուժերի ստեղծման դեպքում։
Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը ընդգծել էր, որ նույնիսկ վերոնշյալ դեպքում Ռուսաստանի հետ ուժերի հարաբերակցությունը չի հավասարվի։