Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճում են։ Նախորդիվ հրապարակում էինք ներկայացրել, որում անդրադարձել էինք մեր երկրում առկա մտահոգիչ վիճակագրությանը, գործող օրենքներին ու պետության ձեռնարկած քայլերին։ Չնայած այս ամենին՝ ընտանեկան ու կենցաղային բռնության, կնասպանության դեպքերը նվազման միտում չունեն։
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռեւս 2017-ին, որն ուժի մեջ էր մտել 2018 թվականին, իսկ 2024-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել լրամշակված նոր օրենքը՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված մարդկանց պաշտպանության մասին»: Լրամշակված այս օրենքի համաձայն՝ Կառավարությունը պետք է հաստատեր նաեւ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր:
Կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին ընդունեց «Ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը», որը կգործի 2026 թվականից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նիստի ընթացքում նշեց․ «Ծրագիրն ուղղված է լինելու ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը: Ծրագրի իրականացմամբ նպաստելու ենք ընտանեկան բռնության զոհերի ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան, կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը»։
Հայաստանում մինչեւ այժմ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիր չի իրականացվել: Այս ծրագիրը մեկնարկելու է 2026 թվականի հունվարի 1-ից, որի համար նախատեսվում է հայտարարել դրամաշնորհային մրցույթ 2025 թվականի հոկտեմբերից, ուստի հասարակական կազմակերպությունների վերաբերյալ դեռեւս մանրամասներ չկան։ Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր բռնություն են կատարել առաջին անգամ, եւ ոստիկանության եզրակացությամբ չկա հիմք այն մասին, որ կրկին կկատարեն, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ կա դատարանի պարտադիր պահանջ։
Վերականգնողական ծրագրերը կարող են իրականացվել ինչպես ազատազրկման վայրերում, այնպես էլ դրանցից դուրս։ Ոստիկանությունը ընտանեկան բռնության առնչությամբ 2023 թվականին տվել է 424, իսկ 2024-ին՝ 574 նախազգուշացում։ Բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանությունը կնախազգուշացնի եւ բացատրական աշխատանքներ կիրականացնի քաղաքացու հետ, նրան կուղղորդի օգտվել ռեաբիլիտացման ծրագրից։
Ծրագիրը պարտադիր կլինի միայն այն դեպքում, երբ դատարանի որոշումը լինի։ Իսկ կամավոր հիմունքը հնարավոր է փոխվի։ Նախատեսվում է, որ ծրագիրը մեկ տարի գործարկելուց հետո անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարվեն։
Ծրագիրը նախատեսում է անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար։ Վերականգնողական աշխատանքներն իրականացնելու են վերապատրաստված մասնագետները՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ եւ իրավաբաններ։
Ծրագիրը մշակելու են մասնագետները՝ բռնություն գործադրած անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա։ Այն կներառի տարբեր մոդուլներ՝ հոգեբանական օգնություն, վերականգնում, կախվածությունների բուժում եւ այլ ծառայություններ։
Նախագծի մշակման համար ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Նման ծրագրեր գործում են Ռումինիայում, Բուլղարիայում, Վրաստանում եւ այլ երկրներում՝ արդյունավետորեն կանխելով բռնության կրկնությունը։ Նախատեսվում է ստեղծել առնվազն երկու կենտրոն, որոնցից յուրաքանչյուրին տարեկան կտրամադրվի մինչեւ 7 միլիոն դրամ։
Ինչպե՞ս է իրականացվելու ռեաբիլիտացման ծրագիրը
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի հարցման՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը տեղեկացնում է՝ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը սահմանում է համալիր միջոցառումներ եւ դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:
Ռեաբիլիտացման ծրագիրը նպաստելու է կանանց եւ երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը։ Այս ծրագրի թիրախային շահառուներ դիտարկվելու են ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ Ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում, եւ որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում։
Ռեաբիլիտացման ծրագիր իրականացնողները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշերի․ կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկական վերապատրաստված՝ սոցիալական աշխատող, հոգեբան եւ իրավաբան, որոնք պետք է ունենան հմտություններ՝ աշխատելու ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց տարբեր խմբերի հետ: Առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից ձերբազատվելու համար կազմակերպությունն ըստ անհրաժեշտության պետք է դիմի այլ մարմիններին կամ կազմակերպություններին, որոնք, օրենսդրության համաձայն, պարտավոր են տրամադրել համապատասխան սոցիալական եւ բժշկական ծառայություններ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում է ծրագիրն իրականացնող մասնագետների վերապատրաստումը՝ համաձայն մշակված ուսումնական մոդուլների։ Ծրագիրն իրականացնելու է դրամաշնորհի տրամադրման ընթացակարգով՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության միջոցով։
«Ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ըստ նախնական ֆինանսական գնահատման՝ ծառայության մատուցման համար յուրաքանչյուր հասարակական կազմակերպությանը նախատեսվում է տրամադրել մինչեւ 7 մլն ՀՀ դրամ»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ տեղեկացնում է Զարուհի Մանուչարյանը։
Վերջին տարիների վիճակագրական տվյալները փաստում են, որ տարեցտարի աճում է ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց կողմից իրավապահ մարմիններին, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ դիմած անձանց թիվը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թվականին ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվել է 1067 անձ, 2021 թվականին՝ 1516 անձ, 2022 թվականին՝ 1756 անձ, 2023 թվականին՝ 1758 անձ, իսկ 2024 թվականին՝ շուրջ 1948 անձ։
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ՝ հասարակության տարբեր խոցելի խմբերին պարբերաբար իրազեկելով եւ համապատասխան տեղեկություն տրամադրելով պետության կողմից ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների, դեպքերի վերաբերյալ ահազանգման միջոցների ու մեխանիզմների, պատասխանատու պետական եւ ոչ պետական մարմինների մասին»,- վստահեցնում է Զարուհի Մանուչարյանը։
Քանի որ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի համատեքստում առանցքային կարեւորություն ունեն դեպքերի վերաբերյալ համապարփակ եւ ամբողջական վիճակագրական տվյալները, 2025 թվականի հունվարի 1-ից սկսել է գործարկվել ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգը, որը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Սա ենթադրում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատական դեպարտամենտի, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների եւ ապաստարանների կողմից տրամադրված տվյալների հիման վրա կիրականացնի ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում թվային համակարգի միջոցով։
Ընտանեկան եւ կենցաղային բռնությունը կանխելու նպատակով պետությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ
Ընտանեկան եւ կենցաղային բռնությունը կանխարգելելու նպատակով պետությունը համագործակցում է միջազգային կոռույցների հետ։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված՝ պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում ակտիվ համագործակցություն է ծավալում տեղական եւ միջազգային բազմաթիվ գործընկերների, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունների հետ։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված ջանքերի համատեքստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է նաեւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի հետ, որի շրջանակում իրականացվում են, օրինակ, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված կանանց տնտեսական հզորացման ծրագրեր, պատրաստվում են ոլորտային ուսումնասիրություններ եւ զեկույցներ, կազմակերպվում եւ իրականացվում են ոլորտային վերապատրաստումներ ու մասնագետների կարողությունների զարգացման ծրագրեր։
Հայաստանի վավերացրած ու ստորագրած փաստաթղթերը
ՀՀ Կառավարությունը դեռեւս 1993 թվականին վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան (Convention on the Elimination of All Forms of Discrimination Against Women), որը գենդերային խտրականության հաղթահարմանը եւ գենդերային հավասարության հաստատմանը առնչվող միջազգային ամենաընդգրկուն փաստաթղթերից մեկն է։ Փաստաթուղթը պարտավորեցնում է մասնակից պետություններին միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու եւ գենդերային հավասարության հասնելու համար։ Նշյալ փաստաթղթից զատ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-իանդամ պետություն, ստորագրել է մարդու իրավունքներին առնչվող միջազգային մի շարք փաստաթղթեր ու կոնվենցիաներ, որոնք իրենց հերթին պետության համար սահմանել են նոր պարտավորություններ ու հանձնառություններ։ Կարեւոր է նշել, որ հավատարիմ մնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգին՝ Հայաստանի Հանրապետությունը փորձում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում ցուցաբերել բարձր հաշվետվողականություն՝ ընթանալով թափանցիկ, ներառական եւ գենդեր-զգայուն քաղաքականությունների որդեգրման ու ներդրման ճանապարհով։
Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի ուղղությամբ պետության կողմից կատարված աշխատանքները գնահատվում եւ մշտադիտարկվում են միջազգային բազմաթիվ զեկույցներում ու հարթակներում. օրինակ՝ յուրաքանչյուր տարի Եվրոպական տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Գլոբալ գենդերային խզվածք» զեկույցը անդրադարձ է կատարում նաեւ Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես այնպիսի հարցերի, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, աշխատաշուկայում, որոշումների կայացման գործընթացներում կանանց ներգրավվածությունն ու մասնակցությունը, կանանց իրավունքների պաշտպանությունը, սեռով պայմանավորված խտրականությունն ու մի շարք այլ առաջնային կարեւոր հարցեր եւ գործընթացներ։
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել օրենքներում եւ ինչո՞ւ
Հայաստանում 2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող ՀՀ Կառավարության որոշումը՝ օրենքի վերնագրի եւ սահմանումների հստակեցմամբ՝ համապատասխանեցված ՀՀ քրեական օրենսգրքին: Օրենքի 23 հոդվածներից 11-ը ենթարկվել են փոփոխությունների։ Մասնավորապես՝ վերանայվել է օրենքի վերնագիրը հետեւյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք, հստակեցվել են առկա սահմանումները եւ օրենքի հիմնական հասկացությունները․ դրանք համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացվել է նոր՝ «զուգընկեր» հասկացությունը։ Որպես բռնության ենթարկված անձ՝ դիտարկվում է նաեւ երեխան, որն ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքները (անուղղակի զոհեր)։ Վերանայվել են անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման իրականացման, դրանց ուժի մեջ մտնելու եւ ծանուցման ժամկետները, ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում։ Ըստ այդմ՝ բռնության դեպքով պայմանավորված՝ անձի առողջության խնդիրների լուծման նպատակով սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Աջակցության ծրագրեր, որոնք պետությունն առաջարկում է բռնության ենթարկվածներին
Դեռեւս 2024 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ընտանեկան բռնության ենթարկված անձանց (այս թվում՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ) համար ապահովում է հետեւյալ 3 ծառայությունների տրամադրման գործընթացը՝
- ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ, որոնց շրջանակում աջակցության կենտրոններ են գործում ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում։ Աջակցության կենտրոնները ընտանեկան բռնության ենթարկված անձանց տեղեկացնում են իրենց իրավունքների հասանելի ծառայություններից օգտվելու կարգի մասին, տրամադրում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական օգնություն, աջակցում աշխատանքի տեղավորման հարցում,
- ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ, որոնց շրջանակում ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվում են ապահով, անվտանգ կացարան, սնունդ, հիգիենիկ պարագաներ, երեխաներին դասապատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն,
- ընտանեկան բռնության ենթարկված անձանց միանվագ դրամական փոխհատուցման տրամադրում՝ կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար։
Բռնության ենթարկվածները կարող են օգտվել աջակցության հետեւյալ ծրագրերից.
- Աջակցության կենտրոնի ծառայություններ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց
- Ապաստարանի ծառայություններ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց
- Միանվագ դրամական աջակցություն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց։
ՀՀ բոլոր մարզերում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների մասնագետները յուրաքանչյուր տարի պարտադիր վերապատրաստումներ են անցնում նախապես մշակված եւ հաստատված ուսումնական ձեռնարկների հիման վրա։
Պետությունն իրականացնում է նաեւ իրազեկման ակցիաներ, միջոցառումներ։ Իրազեկման միջոցառումներն առավել մեծ ինտենսիվություն են ձեռք բերում նաեւ «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավի» շրջանակում, որն ընդգրկում է Երեւան քաղաքն ու ՀՀ բոլոր մարզերը։
Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց լիարժեք մասնակցությունը խթանելու, կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը եւ վերջիններիս տնտեսական անկախացումը խթանելու նպատակով 2023 թվականից սկսած ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ընդլայնվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունները՝ ներառելով կանանց տնտեսական հզորացմանն ու սեփական կյանքի ինքնուրույն կազմակերպմանն ուղղված ծառայության տեսակներ։ Տնտեսական հզորացման ծառայությունների մատուցումը ներառում են մասնագիտական հմտությունների ձեռքբերման դասընթացների եւ գործիքակազմի տրամադրում եւ աջակցություն աշխատաշուկա մուտք գործելու հարցում։ Դասընթացի ընտրությունը կատարվում է ըստ շահառուի նախասիրության՝ գնահատված կարիքի հիման վրա։ Մինչեւ 2026 թվականը նախատեսվում է կանանց տնտեսական հզորացման ծրագրեր իրականացնել ՀՀ բոլոր մարզերում։ Այսուամենայնիվ, փաստ է, որ բռնության դեպքերը չեն նվազում։ Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւս անդրադարձել էր մեր երկրում տիրող իրավիճակին. Հայաստանում անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության դեպքերով վարույթների թվի կտրուկ աճ է արձանագրվել։ Այդ մասին տվյալներ է հրապարակել Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Որքանո՞վ արդյունավետ կլինի ռեաբիլիտացման ծրագիրը
Զարուհի Մանուչարյանն ընդգծում է՝ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրեր իրականացնող երկրների թիվը բավականին մեծ է, սակայն այստեղ ուսումնասիրվել են այն երկրների օրինակները, որոնք ունեն ՀՀ իրավական համակարգին համանման համակարգ, կամ այդ համակարգերը նախկինում ունեցել են նույնական հիմքեր կամ ծագումնաբանություն, ինչը ենթադրում է նաեւ համանման մոդելի ներդրման եւ կիրառման հնարավորությունը նաեւ ՀՀ-ում:
Հարց է առաջանում․ արդյո՞ք մեր երկրում արդյունավետ կլինի ռեաբիլիտացման ծրագրի իրականացումը, եւ արդարացված կլինի՞ արդյոք այդչափ ռեսուրսների ծախսը։ Անդրադառնալով այս հարցին՝ Զարուհի Մանուչարյանն ասում է․ «Միջազգային փորձը վկայում է, որ ռեաբիլիտացման ծրագրերը պետք է միտված լինեն անձի վարքաբանական փոփոխությանը՝ նպաստելով ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի նվազմանն ու կրկնման ռիսկի նվազեցմանը։ Հաշվի առնելով, որ ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է առաջին անգամ՝ դրա արդյունավետությունը կարող ենք գնահատել առնվազն ծրագրի մեկնարկից հետո»։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի զարգացման գծով տնօրեն Անի Ջիլոզյանն ուսումնասիրել է ռեաբիլիտացման ծրագիրը։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նա նշում է՝ պարզ չէ, թե ինչ մոդելով է իրականացվելու այս ծրագիրը։
«Հայաստանում որեւէ ՀԿ չկա, որը մասնագիտացված է եւ բռնարարի հետ աշխատել է։ Իրականում բազմաթիվ խնդիրներ ու վտանգներ կարող են ի հայտ գալ, եթե ճիշտ ձեւով չկիրառվի այս նոր ծրագիրը»,- ասում է Անի Ջիլոզյանը։
«Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի» համակարգող Նարե Հայրապետյանը, անդրադառալով վերոնշյալ թեմային՝ նշում է՝ օրերս մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից 2025 թվականին իրականացվող ծրագրերի քննարկմանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության այս տարվա առաջնահերթությունները, որոնցից էր ռեաբիլիտացման ծրագրի շրջանակում կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստումը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։
«Նախարարությունն այդ վերապատրաստման համար շատ կարճ ժամկերտներ ներկայացրեց Եվրոպայի խորհրդին։ Այդ վերապատրաստումները պետք է իրականացվեն հունիսից։ Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով, կարող են հետեւել նախարարության էջին, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին ու վերապատրաստումներին։ Նախարարությունը նախատեսում է, որ արդեն հոկտեմբերին մրցույթը կանցկացվի»,- մանրամասնում է Նարե Հայրապետյանը։
Ինչպես հայտնի է, աջակցման կենտրոններն աշխատում են զոհերի հետ, ուստի այս պարագայում ռեաբիլիտացման ծրագրի շրջանակում կարող են աշխատել այլ կազմակերպություններ, որոնք որոշակիորեն բռնարարի հետ աշխատում են, օրինակ՝ դատապարտյալների կամ պրոբացիոն ծառայության հետ աշխատող կազմակերպությունները։ Նարե Հայրապետյանը մտահոգված է․ «Արդյո՞ք այդ ռեաբիլիտացման ծրագիրը կհանգեցի հետագա հանցագործությունների կանխմանը եւ զոհի աջակցմանը։ Այո՛, բռնարարն անձ է, որն ունի իրավունքներ, բայց այդտեղ առաջին հերթին պետք է դիտարկենք զոհի իրավունքները, եւ պետք է բացառվի բռնության կրկնման վտանգը։ Այս տեսանկյունից մենք խնդիրներ ենք տեսնում»։
Շիրակի մարզում գտնվող «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Դավթյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում մտահոգություն է հայտնում այն մասին, որ ընտանեկան ու կենցաղային բռնության զոհերին աջակցություն տրամադրող կենտրոններին պետության կողմից տրամադրվող առանց այն էլ փոքր գումարի չափը չի ավելացվում, եւ միաժամանակ ի հայտ է բերվում պիլոտային մի ծրագիր, որի գումարը կարող էր տրամադրվել աջակցման կենտրոններին, որի շնորհիվ կլավարկվեին բռնության ենթարկվածներին մատուցվող ծառայությունները։
ՀԿ-ների ներկայացուցիչները մտահոգություններ ունեն ռեաբիլիտացման ծրագրի արդյունավետության առնչությամբ, իսկ Կառավարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս հարցում լավատես են։ Իսկ թե որքանով արդյունավետ կլինի ծրագիրը, ժամանակը ցույց կտա։
![Hasmik Baleyan](https://www.aliqmedia.am/wp-content/uploads/2023/02/h_baleyan.jpg)
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։