Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է վերսկսելու բանակցությունները ԵՄ-ի հետ, եւ այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը։
Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի եւս 4 տարի, մինչեւ Եվրամիության հետ բանակցությունները վերսկսվեն՝ Կոբախիձեն նշել է, որ դա կախված է Բրյուսելից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Այժմ այդ որոշումը պետք է կայացնի Եվրամիությունը։ Մենք պատրաստ ենք դրան։ Միաժամանակ մենք հաստատակամորեն շարունակում ենք երկիրը զարգացնելու եւ բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդպիսով երկիրը կհասնի էլ ավելի մեծ առաջընթացի. ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը բխում է մեր շահերից։ Եկե՛ք սպասենք եւ տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կցուցաբերի»,- հայտարարել է Կոբախիձեն։
Մեկ շաբաթ առաջ ԵՄ արտաքին քաղաքանության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, դատապարտելով Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու ձերբակալությունները, հայտարարել էր, որ «որպես թեկնածու երկիր Վրաստանը չի արդարացնում որեւէ սպասելիք»։ Ավելին, որպես պատժամիջոց՝ Եվրամիությունը կասեցրել է վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը։
Նախորդ տարվա նոյեմբերին Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչեւ 2028 թվականը՝ «շանտաժի հնարավորությունը բացառելու համար»։ Այս հայտարարությունից հետո մայրաքաղաք Թբիլիսում եւ երկրի այլ քաղաքներում զանգվածային բողոքի գործողություններ սկսվեցին։