Փարիզում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի արտգործնախարարները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը կողմ են արտահայտվել Եվրամիության եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությանը Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ ապագա բանակցություններին:
Համատեղ հայտարարության տեքստում նախարարներն իրենց հավատարմությունն են հայտնել «արդար, համապարփակ եւ կայուն խաղաղության» հասնելու ջանքերին, որը պետք է «երաշխավորի Ուկրաինայի եւ նրա եվրոպացի դաշնակիցների շահերը»։
«Ուկրաինային պետք է տրամադրվեն անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ուկրաինայում արդար եւ տեւական խաղաղությունը անհրաժեշտ պայման է ամուր անդրատլանտյան անվտանգության համար։ Մնեք ընդգծում ենք, որ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Ուստի մենք միասին աշխատում ենք մեր հավաքական պաշտպանական կարողությունների ամրապնդման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաեւ խոսվում է ամերիկացի դաշնակիցների հետ խաղաղության հասնելու ուղիները քննարկելու պատրաստակամության մասին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հեռախոսազրույցներից հետո Թրամփը Truth Social սոցանցում գրեց, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իրենց համապատասխան թիմերը անհապաղ բանակցություններ կսկսեն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։
ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին հանձնարարել է ղեկավարել Ուկրաինայի հարցով բանակցությունները։
Թրամփի հայտարարության մեջ որպես բանակցությունների մասնակից չեն նշվել ԵՄ երկրները։ Բանակցային թիմի անդամների թվում չի հիշատակվել նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։