Ադրբեջանը Հաագայի արբիտրաժային դատարան հայցադիմում է ներկայացրել Հայաստանի դեմ։
Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի դեմ արբիտրաժային գործի վերաբերյալ հայցադիմումը ներկայացվել է «Վայրի կենդանական եւ բուսական աշխարհի, ինչպես նաեւ բնական միջավայրերի պահպանման մասին» 1979 թվականի կոնվենցիայի հիման վրա։
«Ազատագրելով իր տարածքները՝ Ադրբեջանը ապացույցներ է բացահայտել, որ կենսաբազմազանության ամենահարուստ կետերից մեկում Հայաստանը չի կարողացել պաշտպանել կենսաբնակավայրերն ու տեսակները՝ ոչնչացնելով շրջակա միջավայրը: Հաստատվել է, որ Հայաստանի գործողություններն անդառնալի եւ լուրջ վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին»,- ասվում է հայտարարության տեքստում։
Դրանում նաեւ նշվում է, որ դեռեւս 2023 թվականի հունվարի 18-ին Բաքուն Երեւանին ծանուցել է արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։
«Ադրբեջանը Հայաստանից ամբողջական փոխհատուցում է պահանջում [կենդանիների] բնակեցրած տարածքների եւ կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։ Սա ներառում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների որոշ հատվածների օկուպացման ընթացքում կենդանական աշխարհի հարյուրավոր տեսակների եւ դրանց բնակեցրած վայրերի վրա թողած բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ լայնածավալ անտառահատումները, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումները, հանքարդյունաբերությունը եւ հիդրոէլեկտրակայանների կառուցումը»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2021-ին էր այն ժամանակվա Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգայնորեն արգելված զենքերի մասշտաբային կիրառման հետեւանքով շրջակա միջավայրին անդառնալի վնաս է հասցվել՝ հարուցելով լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչեւ օդի, հողի, ջրի եւ բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։
Պետրոսյանի խոսքերով՝ նման վնասներ հասցվել էին Արծվաբերդի, Գորիսի եւ Կապանի անտառտնտեսությունների տարածքներին։
«Արցախի հարավային հատվածներում շատ ավելի լայն մասշտաբներ ենք վկայակոչել, սակայն, ցավոք, այդ տարածքները այս պահին մեր տիրապետման ներքո չեն, մենք հասանելիություն չունենք, ավելի մանրամասն այդտեղի իրավիճակի հետ կապված չենք կարողացել փաստեր ներկայացնել»,- ասել էր Պետրոսյանը։