ԱՄՆ-ը չի բացառում, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ կամ իր զորքերը ուղարկել Ուկրաինա, եթե Վլադիմիր Պուտինը չհամաձայնի խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
«Կան ճնշման տնտեսական լծակներ, կան, իհարկե, ճնշման ռազմական լծակներ»,- ասել է Վենսը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը մնում է «օրակարգում», եթե Մոսկվան հրաժարվի բանակցություններից։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են հանգեցնել այնպիսի «գործարքի, որը շատերի համար անակնկալ կլինի»։ Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Թրամփը կարող է փոխել իր կարծիքը որոշակի հարցերի շուրջ։ Նրա վարչակազմի նպատակն այժմ Պուտինին համոզելն է այն հարցում, որ նա կարող է ավելիին հասնել դիվանագիտական ճանապարհով, քան մարտի դաշտում։
Վանսը հավելել է, որ դեռ վաղ է ասելը, թե Ուկրաինայի որ շրջանները կարող են մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ, կամ թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են առաջարկել ԱՄՆ-ը եւ արեւմտյան մյուս երկրները Կիեւին։ Այս մանրամասները, նրա խոսքով, պետք է մշակվեն խաղաղության բանակցությունների ընթացքում։
«Կան բազմաթիվ ձեւակերպումներ եւ կոնֆիգուրացիաներ, բայց մենք մտահոգված ենք Ուկրաինայի ինքնիշխանությամբ, անկախությամբ»,- ասել է փոխնախագահը։
Վանսը նաեւ առաջարկել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայում խաղաղության հաջող գործարքից հետո: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Մոսկվայի ներկայիս մեկուսացումը վերջինիս շեղում է արեւմտյան շուկաներից եւ նրան դարձնում «Պեկինի կրտսեր գործընկերը»։
The Wall Street Journal-ը նշում է, որ Ջեյ Դի Վենսը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է ներկայացրել, քան Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Փետրվարի 12-ին Բրյուսելում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ Հոգսեթը դիմեց եվրոպացի դաշնակիցներին՝ ակնարկելով զիջումների մասին, որոնք կարող են արվել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղության բանակցությունների ընթացքում։ Նա մասնավորապես հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ մինչ 2014 թվականի սահմաններին վերադառնալը «պատրանքային նպատակ» է, եւ որ Կիեւի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող «բանակցային կարգավորման իրատեսական արդյունք» լինել։ Նա նաեւ բացառել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինա զորք կուղարկի, եւ կոչ էր արել հակամարտության դադարից հետո հավանական խաղաղապահ առաքելությունը չկապել ՆԱՏՕ-ի առաքելությունների հետ։