Բեյրութի միջազգային օդանավակայանում Իրանական «Մահան Էյր» ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքն արգելելու որոշումը Լիբանանի իշխանությունները կայացրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ճնշման ներքո։ Այդ մասին հայտարարել է «Հեզբոլլահ» շիական շարժման պատգամավոր Իբրահիմ Մուսավին, որը ելույթ է ունեցել օդանավակայանի մուտքի մոտ հավաքված ցուցարարների առջեւ։
Ավելի վաղ շիա բողոքարարները, վրդովված լինելով Թեհրանից ուխտավորներ տեղափոխող իրանական ինքնաթիռի ուշացումից, անվադողեր եւ աղբամաններ էին հրկիզել եւ արգելափակել դեպի օդանավակայան տանող ավտոմայրուղու երթեւեկությունը։ Ցուցարարների մեկ այլ խումբ էլ հավաքվել էր օդանավակայանի շենքի մոտ, սակայն լիբանանցի զինվորները փակել էին նրանց ճանապարհը։
Այս իրադարձություններին նախորդել էին չորեքշաբթի Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Էդրիի՝ Լիբանանին ուղղված նախազգուշացումները, որ կանոնավոր կերպով Բեյրութ թռչող իրանական ինքնաթիռները միջոցներ են մատակարարում «Հեզբոլլահին» վերազինվելու համար: Նա նաեւ պնդել էր, որ դա հրադադարի երկկողմ համաձայնագրի խախտում է։ Լիբանանի տրանսպորտի նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։
«Իսրայելական թշնամին, ԱՄՆ-ի հետ դավադրության մեջ մտնելով, շարունակում է տարբեր խարդավանքների դիմել Լիբանանի դեմ, ինչը, ի թիվս այլ բաների, արտացոլվում է Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի շահագործման հարցում։ Այս գործողություններն արժանի են խստագույնս դատապարտման, եւ մենք կոչ ենք անում կառավարությանը ստանձնել իր պատասխանատվությունը՝ երաշխավորելով, որ Լիբանանի ինքնիշխանությունը եւ բոլոր հասարակական կառույցները պաշտպանված լինեն Իսրայելի հարձակումներից»,- օդանավակայանի մոտ ելույթի ժամանակ հայտարարել է Մուսավին։
Լիբանանցի պատգամավորը նաեւ հասկացնել է տվել, որ «Հեզբոլլահն» ակնկալում է, որ իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն լիբանանցի քաղաքացիներին իրենց հայրենիք անհապաղ վերադարձնելու համար։
«Մենք ոչ մի դեպքում չպետք է տրվենք իսրայելական սպառնալիքներին»,- ընդգծել է Մուսավին։
Դեռեւս հունվարի 3-ին իրանական «Մահան Էյր» ավիաընկերության ինքնաթիռն ու դրա ուղեւորները Բեյրութի օդանավակայանում ենթարկվել էին մանրակրկիտ ստուգման։ Այդ ժամանակ իրանցի մի դիվանագետի մոտ հայտնաբերվել էր մեծ գումար, սակայն Լիբանանում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարեց, որ այդ միջոցները նախատեսված են իրանական դիվանագիտական ներկայացուցչության ֆինանսավորման համար։