Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը կարեւորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական առաջմղման ուղղությամբ: Նա նաեւ ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Բացի այդ՝ վարչապետը նաեւ նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով:
Անտոնիու Կոշտան էլ ողջունել է Հայաստանի Կառավարության քայլերը ժողովրդավարության ամրապնդման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը եւ խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները նաեւ քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր:
Անտոնիու Կոշտան կարեւորել եւ ողջունել է ՀՀ Կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները: