ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որեւէ միջոցով:
Դատախազությունը ընդգծել է, որ ընտրությանը մասնակցել պատրաստվող քաղաքացիները կարող են լիարժեք վստահ լինել, որ իրենց քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է, իսկ որեւէ ձեւով այն խախտելու փորձ կատարողները ենթարկվելու են քրեական խիստ պատասխանատվության:
Դատախազությունը նշել է, որ քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաեւ անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, վիճակագրական ինչ-որ մեխանիզմներ, բանաձեւեր, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել:
«Նկատի ունենալով, որ նման դրսեւորումները կարող են տարածական լինել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քվեարկության գաղտնիությունը ընտրելու իրավունք ունեցող անձի սահմանադրական իրավունքն է: Ցանկացած եղանակով այդ իրավունքի խախտումը, ցանկացած միջոցով ընտրողի քվեարկությունը պարզելուն, քվեարկության բացահայտմանը հարկադրելուն ուղղված գործողությունը քրեական հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկման ձեւով:
Անհրաժեշտ է իմանալ, որ ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որեւէ միջոցով: Բոլոր ընտրատեղամասերում իրականացվելու են վերահսկողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները նաեւ տեխնիկապես նման հնարավորությունը բացառելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրողներին կոչ է անում որեւէ պարագայում չհավատալ քվեարկության արդյունքների բացահայտելիության վերաբերյալ նախազգուշացումներին, չտրվել հոգեբանական ներգործության այդ միջոցներին եւ ընտրության քաղաքացիական պարտքը կատարել՝ առաջնորդվելով սեփական համոզմունքներով:
Կառույցը կոչ է անում նաեւ այլոց կողմից քվեարկության արդյունքներին հասու դառնալու նպատակով գործադրվող հնարավոր նախապատրաստական միջոցառումների, իսկ քվեարկությանը օրը՝ նաեւ հնարավոր նման դրսեւորումների ականատես լինելու, առնչվելու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:
Դատախազությունը պարզաբանել է նաեւ ընտրողների իրավունքները:
Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ:
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է եւ պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:
Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝
հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,
որեւէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,
առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,
որեւէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,
հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել եւ իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաեւ՝ ընտրողի կողմից որեւէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:
Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Արգելվում է նաեւ՝
բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձեւով քվեարկելը,
շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը:
Այս հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով: