Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային եւ օտարերկրյա 8 կազմակերպությունների 483 եւ տեղական 19 կազմակերպությունների 8749 դիտորդներ։
Մուկուչյանը նշել է, որ այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետեւելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են տեղական 68 զանգվածային լրատվամիջոցների 745 ներկայացուցիչ եւ 50 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների մոտ 135 ներկայացուցիչ։
ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ ընտրական տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ,եւ 1500 տեղամասային կենտրոններից ուղիղ ժամանակային ռեժիմով հեռարձակվում է քվեարկության, ինչպես նաեւ դրա արդյունքների ամփոփման գործընթացը։
Ընտրացուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։