Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «համարձակ» է անվանել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը եւ հայտարարել, որ աշխատում է այդ ծրագիրը «իրականություն» դարձնելու ուղղությամբ: Այս մասին հրեական պետության ղեկավարը հայտարարել է կիրակի Երուսաղեմ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում։
Նախորդ շաբաթ Թրամփը Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը հանդես եկավ Գազայի հատվածը ԱՄՆ «հսկողության տակ» վերցնելու, այն «Մերձավոր Արեւելքի Ռիվիերայի» վերածելու եւ պաղեստինցիներին այլ արաբական երկրներում վերաբնակեցնելու առաջարկով։
Ռուբիոյի հետ կայացած հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ Գազայի հատվածի ապագան։ Բանակցություններից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը Գազայի վերաբերյալ «ընդհանուր ռազմավարություն» ունեն։
Պետքարտուղար Ռուբիոն խոստովանել է, որ ԱՄՆ նախագահի առաջարկը կարող է «ցնցել եւ զարմացնել» մարդկանց, սակայն, ըստ նրա, Թրամփի առաջարկը արտացոլում է «իր խիզախությունը» եւ անցյալի «հնացած գաղափարներին» ներկայացրած այլընտրանքը։
Թրամփի արմատական գաղափարն արդեն մերժել են արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄՆ տարածաշրջանային դաշնակից Հորդանանը, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան։ Երեք երկրներն էլ զգուշացրել են, որ նման հայտարարությունները կարող են խաթարել փխրուն հրադադարը եւ մեծացնել անկայունությունը Մերձավոր Արեւելքում:
Ռուբիոն եւ Նեթանյահուն, բացի Գազայից, քննարկել են նաեւ ՀԱՄԱՍ-ին վերացնելու իրենց ընդհանուր ցանկությունը, Իրանի միջուկային տերություն դառնալը կանխելու անհրաժեշտությունը եւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո ստեղծված իրավիճակը:
«Մենք շատ թեմաներ ենք քննարկել, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարեւոր չէր, քան Իրանը։ Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի կանգնած են՝ դիմակայելով իրանական սպառնալիքին։ Մենք համաձայն ենք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան։ Մենք միակարծիք ենք նաեւ այն հարցում, որ Իրանի ագրեսիան տարածաշրջանում պետք է դադարեցվի»,- ասել է Իսրայելի վարչապետը
Ռուբիոն էլ Իրանը անվանել է Մերձավոր Արեւելքում անկայունության միակ աղբյուրը։
«Յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման, յուրաքանչյուր բռնության, յուրաքանչյուր ապակայունացնող գործողության, այս տարածաշրջանը տուն անվանող միլիոնավոր մարդկանց համար խաղաղության եւ կայունության յուրաքանչյուր սպառնալիքի հետեւում կանգնած է Իրանը։ Այն տարածաշրջանում անկայունության միակ ամենամեծ աղբյուրն է։ Երբեք չի կարող լինել միջուկային Իրան, միջուկային Իրան, որն այնուհետեւ կարող է պաշտպանվել ճնշումներից եւ ազդեցություններից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա նաեւ կոչ է արել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը՝ կարծիք հայտնելով, որ պաղեստինյան շարժումը «չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես ռազմական կամ կառավարական ուժ»:
Կատարի, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հունվարի 19-ից հաստատված փխրուն զինադադարը վերջին օրերին հայտնվել է սպառնալիքի տակ: Կողմերը միմյանց մեղադրում էին գործարքի առաջին փուլի համար ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները չկատարելու համար։ Իրադրությունը էլ ավելի լարվեց Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի հայտարարություններից հետո։
Ռուբիոն Իսրայել է այցելել Մերձավոր Արեւելք կատարած իր առաջին շրջագայության շրջանակում՝ որպես ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ: Նա հաջորդիվ կուղեւորվի Սաուդյան Արաբիա, որտեղ բացի երկրի ղեկավարության հետ հանդիպումից՝ հավանաբար ռուսական պատվիրակության հետ կմասնակցի նաեւ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։