Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ նախատեսված են փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում։ Այդ մասին գրում է «Կոմերսանտը» («КоммерсантЪ») առանց աղբյուրը վկայակոչելու։
Ակնկալվում է, որ ամերիկյան կողմի կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Սաուդյան Արաբիա այցի նախապատրաստման մասին։
Bloomberg-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական բանակցային խմբում կարող են ընդգրկված լինել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը։
Փետրվարի 15-ին Politico-ն, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների թիմը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ սկսելու ուկրաինական հակամարտության դադարեցման եւ խաղաղության շուրջ բանակցությունների նախապատրաստման գործընթացը։
Կիեւի համար Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին հաղորդագրություններն անակնկալ էին, Politico-ին ասել է ուկրաինացի պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներկայացուցիչները փետրվարի 16-ին աշխատանքային այցով ժամանել են Սաուդյան Արաբիա, սակայն Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել ռուսական կողմի հետ, քանի դեռ չի մշակվել պատերազմի ավարտի ծրագիր։
Ուկրաինական կառավարությունից BBC-ի ռուսական ծառայության աղբյուրն էլ հայտնել է, որ պատվիրակություն հրավիրված չէ, եւ Կիեւը բանակցողների չի ուղարկել Սաուդյան Արաբիա։