ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սպասվում է, որ նա Ալ-Ռիադում կմասնակցի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ծրագրված խաղաղության բանակցություններին։ Դրանք նախատեսված են փետրվարի 18-ին։
Քիչ առաջ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանդիպմանը ռուսական կողմը կներկայացնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Associated Press-ը եւ Axios-ը, վկայակոչելով անանուն պաշտոնյային, պնդում են, որ Ալ-Ռիադի բանակցություններին կմասնակցեն նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Ուկրաինայի ներկայացուցիչները կմասնակցեն Սաուդյան Արաբիայի բանակցություններին։
Փետրվարի 16-ին CBS-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուբիոն հայտարարել էր, որ ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորման համար այնպիսի պայմաններ ստեղծելու, որը կներառի ե՛ւ Ուկրաինային, ե՛ւ ԱՄՆ մյուս դաշնակիցներին: Նա ընդգծել է, որ առաջիկա մի քանի շաբաթներն ու օրերը ցույց կտան, թե այս հարցին որքան լուրջ է վերաբերվում անձամբ Պուտինը։
Ուկրաինայում պատերազմը հնարավոր չէ կանգնեցնել մեկ զրույցով կամ հեռախոսազանգով, ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է լուծել այս խնդիրը։
«Նախորդ շաբաթ նախագահ Թրամփը զրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Պուտինը շահագրգռվածություն էր հայտնել խաղաղության վերաբերյալ, իսկ նախագահը ցանկություն էր հայտնել վերջ տալ այս հակամարտությանը այնպես, որ այդ խաղաղությունը լինի հարատեւ եւ պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Բովանդակալից խոսակցություն էր։ Հիմա ակնհայտ է, որ պետք է հետեւեն գործողությունները»,- ասել է Ռուբիոն, որի խոսքերը մեջբերում է «Voice of America»-ն։
Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիա այցը Ռուբիոյի մերձավորարեւելյան շրջագայության մի մասն է։ Ակնկալվում է, որ նա այնտեղ կքննարկի նաեւ Գազայի հակամարտության կարգավորման հարցը։ Գազայի պաղեստինցի բնակիչներին արաբական այլ երկրներ վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը, ամենայն հավանականությամբ, կլինի օրակարգում, հայտնում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիան, արաբական այլ երկրների հետ միասին, մերժել է ցանկացած ծրագիր, որը ենթադրում է պաղեստինցիների վերաբնակեցում: