Ուկրաինայի իշխանությունները ոչինչ չգիտեն Սաուդյան Արաբիայում ծրագրվող բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց եւ մտադիր չեն ճանաչելու դրանց արդյունքները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄԷ-ից տեսակապի ձեւաչափով կազմակերպված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ալ-Ռիադում Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը։
«Ուկրաինան մասնակցություն չի ունենա։ Ուկրաինան սրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան համարում է անարդյունք։ Եվ մենք չենք կարող ճանաչել առանց մեզ մեր մասին որեւէ բան կամ որեւէ պայմանավորվածություն։ Եվ մենք չենք ճանաչի նման համաձայնագրերը»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերում է «Интерфакс-Украина»-ն։
Նախագահը նշել է, որ առաջիկա բանակցություններն ունեն «երկկողմանի բնույթ», եւ Մոսկվան ու Վաշինգտոնը «իրավունք ունեն դա անելու, եթե ունեն երկկողմ խնդիրներ»։
Զելենսկին այժմ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Ուկրաինայի նախագահը հաջորդիվ կմեկնի Սաուդյան Արաբիա։ Զելենսկու խոսքով՝ իր այցը Ալ-Ռիադ «կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Սաուդյան Արաբիայում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով»։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում, որին կմասնակցի նաեւ Ուկրաինան։