ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ի գիշերը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ամերիկյան զորքերը սպանել են «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ներկայացուցչի։
«Այս շաբաթվա վերջին [փետրվարի 15-16] ԱՄՆ ուժերը ճշգրիտ ավիահարվածով ոչնչացրել են Սիրիայում «Ալ-Կաիդա»-ի ներկայացուցչին: Ահաբեկիչների ղեկավարը «Ալ-Կաիդա»-ի հետ համագործակցում էր ամբողջ տարածաշրջանում»,- գրել է Թրամփը՝ չնշելով սպանվածի անունը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 15-ին ԱՄՆ ուժերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում սպանել են «Ալ-Կաիդա»-ի հետ կապված «Հուրաս ալ-Դին» ահաբեկչական խմբավորման «ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյային»:
Ամերիկացի զինվորականները տարիներ շարունակ պայքարում են «Ալ-Կաիդա»-ի հետ կապված «Հուրաս ալ-Դին» խմբավորման ահաբեկիչների դեմ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ավելի վաղ հայտարարել էր Սիրիայում այս խմբավորման առաջնորդների սպանության մասին։ Վերջին անգամ ԱՄՆ զինվորականները նման հայտարարություն տարածել էին հունվարի 30-ին։ Ահաբեկիչների սպանության մասին հայտարարություններ տարածվել էին նաեւ 2024 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին։