Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները։ Ռուսական կողմը ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Միացյալ Նահանգների բանակցային թիմի մեջ են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Կրեմլը, հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, ուկրաինական հակամարտության հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպմանը առնչվող հարցեր։ Բանակցությունների արդյունքները կողմերը կներկայացնեն նախագահներին։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Յուրի Ուշակովը նշել է, որ բանակցությունների ընթացքում տնտեսական հարցերի քննարկման շրջանակում ռուսական պատվիրակությանը կարող է միանալ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։
Հանդիպմանը Սաուդյան Արաբիայից մասնակցում է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ-Սաուդը։
Ուկրաինական կողմը բանակցություններին ներկա չի լինի։
Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտությունը կանգնեցնելու համար ուղիղ բանակցություններ սկսելուն։
Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ չի ճանաչի որեւէ բանակցության արդյունք, որտեղ քննարկվի Ուկրաինան առանց Ուկրաինայի։
Թրամփի նման քայլը անհանգստություններ էր առաջացրել նաեւ Եվրոպայում՝ մտավախություններ ստեղծելով, որ վերջիններս կարող են դուրս մնալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացից։
Փետրվարի 15-ին հետեւեց ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի համատեղ հայտարարությունը, որում ընդգծվում էր, որ վերջիններս պատրաստ են մասնակցելու բանակցություններին, եւ որ առանց Եվրոպայի եւ Ուկրաինայի մասնակցության հակամարտության կարգավորում հնարավոր չէ։