Ֆեյսբուքյան մի օգտատեր իմացության եւ ընկալման իր չափով թեթեւակի «ծաղրել է» երկրորդ նախագահին, որ ասուլիսի ժամանակ օգտագործել է «սիներգիայի էֆեկտ» արտահայտությունը եւ անմիջապես արժանացել արցախցի տիկնոջ քննադատությանը. «Կարեւորը, որ իր ազգին նվիրված լինի, հզոր պետություն կառուցելու ունակ, ոչ թե էությամբ բոմժ ու աբիժնիկ» (հեղինակային իրավունքը խստորեն հարգված է, միայն բարբառն եմ գրական հայերենի փոխադրել):
Ուղղակի չի ասում, բայց հասկացվում է, որ տիկնոջ համար Հայաստանի երկրորդ նախագահն ասոցացվում է «ուժեղ պետության եւ ազգանվեր գործչի» հետ: Նվիրվածության հանգամանքով վիճելն իմաստ չունի, բայց որ «ուժեղ պետության» այդ ընկալումը հանրային ընկալումներում ավերածություն է գործում եւ անցյալի հանդեպ նոստալգիա ծնում, անտեսել չի կարելի, քանի որ «մեդալի հակառակ կողմը» քաղաքական է: Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ Հայաստանը եղել է ուժեղ պետություն, ապա այն հնարավոր է վերականգնել, վերակառուցել, կորցրածը հետ բերել, եթե նա իշխանությունից հեռացվի, եւ վարչապետի պաշտոնին վերադառնա ուժեղ պետություն կառուցելու ունակ եւ ազգին նվիրված գործիչ:
Ով է այդ գործիչը՝ կոնկրետ այս դեպքում կարեւոր չէ: Մեկի համար Քոչարյանն է, մյուսը Սերժ Սարգսյանին է այդ դերում տեսնում, երրորդն ունի իր նախընտրած թեկնածուն: Եվ այստեղ է ընկալման կամ պատկերացումների կամ նոստալգիայի վտանգավորությունը: Որովհետեւ այն հակասության մեջ է ոչ միայն իրականության, այլեւ քաղաքական-քաղաքագիտական տրամաբանության հետ. եթե Հայաստանը երբեւէ ուժեղ է եղել, ապա ինչո՞ւ իր գերխնդիրը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը չի լուծել:
Սոցիալական մեդիայում, մի քանի տասնյակ լրատվամիջոցներում օրինբուն հնչում է տեսակետ, որ «խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են (ուժն է ծնում իրավունքը, հաշվի են նստում միայն ուժեղի հետ, թույլին նույնիսկ թույլերը չեն հարգում)»: Այո՛, քաղաքականությունը գեղեցիկ ձեւակերպված խոսք չէ, կառուցվում է ռեսուրսների եւ դրանք կիրառելու բավարար գործիքակազմի հաշվարկի վրա: Բայց եթե Հայաստանը քսան տարի ուժեղ էր, ապա ինչո՞ւ բանակցային գործընթացը Արցախ-Հայաստան միավորումից հասավ «տարածքներ՝ պատերազմը չվերսկսելու երաշխիքի դիմաց» առաջարկությունների:
Ուժեղ երկիրը, որ մերժել էր կարգավորման «փուլային» տարբերակը, պետք է կարողանար պարտադրել իր խաղաղությունը կամ խաղաղության իր պայմանները եւ հասներ նրան, որ Ադրբեջանը ճանաչեր 8 հազար քկմ տարածքով ԼՂՀ անկախությունը կամ այդ տարածքով Արցախի միավորումը Հայաստանին: Այսինքն՝ ճանաչեր, որ Հարավային Կովկասում մոտ 40 հազար քկմ տարածք հայապատկա՞ն է:
Եթե Հայաստանն իրոք ուժեղ պետություն էր, նրա առաջնորդները՝ ազգի նվիրյալ, իսկ հարցը, այնուամենայնիվ, չի լուծվել, ընդհակառակը՝ խճճվել է եւ մտել փակուղի, ուրեմն նրա դեմ գործել է ավելի ուժեղ պետություն, կամ այդ պետությունը ձեռք է բերել ուժեղ դաշնակիցներ, որ միասնաբար մերժել են ուժեղ պետություն կառուցելու հայկական ծրագիրը:
Դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է ձգտի վաղը լինելու ուժեղ պետություն: Ավելին՝ Հայաստանն ամեն օր պետք է մեծացնի պետական պոտենցիալը: Բայց անցյալի հանդեպ նոստալգիան այն ճանապարհը չէ, գոնե համաշխարհային տուրբուլենտության այս փուլում, որ հնարավորություն կտա նախ ողնաշար շտկելու, ապա վստահ քայլ անելու: Կարեւոր չէ, թե ով կգլխավորի Հայաստանի վերագտնումը: Գլխավորը նպատակի սթափ եւ բոլոր առումներով հաշվեկշռված սահմանումն է:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։