Եվրոպայի եւ Ուկրաինայի անվտանգության հարցերով այսօր՝ փետրվարի 19-ին, Փարիզում կկայանա երկրորդ գագաթնաժողովը։ Նախաձեռնողը կրկին Ֆրանսիայի կառավարությունն է։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Գործակալությունը նշում է, որ հանդիպմանը կմասնակցեն այն երկրների ներկայացուցիչները, որոնք ներկա չեն եղել փետրվարի 17-ին կայացած առաջին նման հանդիպմանը։
Հրավիրված երկրների թվում են Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան, Բելգիան, Բալթյան երկրները, ինչպես նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող, բայց ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան եւ Կանադան։ Որոշ երկրների ներկայացուցիչներ էլ հանդիպմանը կմասնակցեն տեսակապի միջոցով։
Հիշեցնենք՝ փետրվարի 17-ի առաջին արտակարգ գագաթնաժողովը տեղի ունեցավ, երբ հստակեցվեց, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստվում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ վարելու Սաուդյան Արաբիայում՝ առանց եվրոպական երկրների եւ ուկրաինական կողմի ներգրավման։