ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին վստահեցրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ։
Պետքարտուղարն այդ մասին եվրոպացի գործընկերներին ասել է հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջեւ բանակցություններից անմիջապես հետո:
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռիադում կայացած հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարել էր, որ Ռուբիոն զանգահարել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներին եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայյա Կալլասին։
«Պետքարտուղարը արտգործնախարարներին ներկայացրել է հանդիպման մասին։ Նրանք պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել, քանի որ աշխատում են Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ ավարտին հասնելու համար»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն ասել է, որ արեւմտյան երկրները ստիպված կլինեն վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։
«Ցանկացած հակամարտության վերջ տալու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գնան զիջումների»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած սահմանափակումների վերաբերյալ հարցին։
ԱՄՆ պետքարտուղարի՝ պատժամիջոցները պահպանելու խոստումը կարող է «որոշ թեթեւացում» բերել եվրոպացի դաշնակիցներին, որոնք վախենում էին, որ Վաշինգտոնը գործարք կկնքի Մոսկվայի հետ, գրում է Bloomberg-ը։
Պատժամիջոցները վաղաժամկետ չեղարկելու ԱՄՆ-ի որոշումը, նշում է գործակալությունը, կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանին պատերազմ վարելու համար ֆինանսական միջոցներից զրկելու Եվրոպայի ջանքերին։
Արեւմտյան երկրները՝ ներառյալ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը, պատժամիջոցների մի քանի փուլ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումից հետո: