Էական է համաժողովրդական հանրաքվեով Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» մասին ժողովրդին հղած ուղերձում։
Ըստ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանը» Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով:
Վարչապետի խոսքերով՝ Հայաստանի առաջընթացի եւ զարգացման՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է եւ պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլեւ պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ եւ որոշմամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։