Գյումրիում մարտի 30-ին քաղաքապետ են ընտրելու: Թեեւ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց, ինչպես եւ կախատեսելի էր, կրքերն այնքան են թեժացել, որ թեկնածուներն ու նրանց համակիրները հանրայնորեն վիրավորում են միմյանց՝ տարաբնույթ, մինչեւ անգամ կարգախոս գողանալու մեղադրանքներ հնչեցնելով:
Նշենք, որ Գյումրին ղեկավարելու ցանկություն են հայտնել գրեթե մեկ տասնյակ՝ հայտնի ու անհայտ քաղաքական ուժեր:
Արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսն արդեն պաշտոնապես են հայտարարել, որ մասնակցում են ընտրապայքարին, ոմանք էլ դեռ հայտարարություն չեն արել:
Իշխող՝ ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում է նախնական ընտություններում առավելագույն քվեներ ստացած Սարիկ Մինասյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր է: Մինասյանն արդեն ընդգրկված է ՔՊ-ի շարքերում:
Կոմունիստական կուսակցության թեկնածուների ցանկն էլ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է գլխավորում: Նա եւս համացանցում արդեն բուռն քարոզարշավ է իրականացնում: Ըստ նրա՝ Գյումրին կզարգանա, եթե ակադեմիական քաղաքը հիմնվի հանրապետության երկրորդ քաղաքում:
Ֆավորիտ թեկնածուներից է նաեւ «Մենք» նախաձեռնության թեկնածու Կարեն Սիմոնյանը, որն առաջարկում է Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի:
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանի թեկնածություն առաջադրելու լուրը եւս քաղաքում իրարանցում առաջացրեց: Մխիթարյանը պայքարի մեջ է մտել պրոդյուսերական՝ շոու քարոզարշավով, ինչին հատկապես կոշտ են արձագանքում ՔՊ համակիրները՝ գրեթե ամեն օր իրար հասցեի անխնա վիրավորական գրառումներ անելով:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասնակցությունը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին եւս հաստատ է: Ըստ նրա՝ ինքը ո՛չ քաղաքապետ է եղել, ո՛չ մարզպետ, հետեւաբար ո՛չ նախկին է, ո՛չ ներկա:
ԴՕԿ քաղաքական ուժի ղեկավար Վարդան Ղուկասյանը եւս հայտարարել է, որ մասնակցելու է քաղաքի ղեկավարի ընտրություններին, բայց թե ով է իր թեկնածուն, դեռ չի ասել:
Շրջանառվող այլ անուններ նույնպես շատ կան, բայց հստակ կլինեն մոտ օրերս:
Նշենք, որ քաղաքում արդեն տարբեր ցուցապաստառներից թեկնածուներն են ժպտում մարդկանց՝ անհոգ ու բարեկեցիկ կյանքի խոստումներով:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։